Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները հետաձգում են վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին ատյանի դատարանի որոշման բողոքի քննությունը, քանի որ չգիտեն, ինչ որոշում կայացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրուցյում ասաց Արգիշտի Կիվիրյանը  Վերաքննիչ դատարանում:

«Այսօրվա նիստն էլ առանց որեւէ պատճառաբանության հետաձգվեց: Դատավորները դեռ փորձում են հասկանալ, թե ինչպիսի դատավճիռ կայացնել: Դեռ նախորդ դատական նիստում կարող էին ավարտել քննությունը, բայց հետաձգեցին: Երեւի չեն հանաձայնեցրել վերադասի հետ, թե ինչ անել»,- ասաց Կիվիրյանը:

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Վերաքննիչ քրեական դատարանից, Արգիշտի Կիվիրյանը պատասխանեց. « ՀՀ բոլոր դատարանները հանդիսանում են գործադիր մարմնի կցորդները: Դատարանները ինքնուրույն գործող դատական մարիններ չեն, վերադասի կողմից կարգավորվող, իրենց ենթարկվող մարմիններ են»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին:

Նշենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 8-ին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին մեղավոր ճանաչեց եւ տուգանեց նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով՝ 400 հազար դրամով: Դատարանը, սակայն, Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը համաներումով չկիրառեց:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: