Մարդիկ գիրանալ կամ ավելորդ քաշ հավաքել սկսում են ճիշտ այն ժամանակ, երբ խախտվում է նրանց մարմնի զանգվածի սահմանված ինդեքսը: Դա ահազանգ է, եւ հենց այդ պահից սկսած էլ անձը պետք է սկսի անհանգստանալ սեփական առողջության համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման խորհուրդ տվեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Աղավելյանը։
Նրա խոսքով, ավելորդ քաշը, թեեւ ինքն իրենով առանձին վերցրած հիվանդություն չէ, սակայն դիտվում է որպես համախտանիշ եւ կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների: «Մարմնի ավելորդ զանգվածը կարող է պատճառ դառնալ հիպերտոնիայի (զարկերակային բարձր ճնշում), ինչպես նաեւ սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների»,- տեղեկացրեց բժիշկը՝ հավելելով, որ գիրության եւ դրանից բխող հիվանդությունների հակված են առավելապես տղամարդիկ։ «Թեեւ առանձին վիճակագրություն մինչ այժմ չենք առանձնացրել, սակայն ակնհայտ է, որ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն ավելի շատ արական սեռի ներկայացուցիչները։ Կանանց մոտ խնդիրն սկսում է ի հայտ գալ հատկապես կլիմաքսային երեւույթներից հետո։ Իսկ ընդհանրապես, 40-ից հետո գիրությունից ապահովագրված չէ ոչ ոք՝ մանավանդ հայերը»,- ավելացրեց էնդոկրինոլոգը՝ ավելորդ քաշ հավաքելու հիմանական պատճառ նշելով ոչ ճիշտ սնվելը, նստակյաց կենսակերպ վարելը, ինչպես նաեւ էնդոգեն եւ հորմոնալ խանգարումները։
Հարցին, թե կարո՞ղ է վերջերս մեծ մասայականություն վայելող լիպոսակցիան (ճարպերի հալեցումը, որը, սակայն, իրենից միայն պլաստիկ-կոսմետիկ վիրահատություն է ներկայացնում) ավելորդ քաշից ազատվելու հուսալի միջոց դիտարկվել, Աննա Աղավելյանը նշեց. «Եթե մարդը նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունի, լիպոսակցիան հարցի լուծում չէ։ Նախ պետք է պարզել՝ ինչն է ավելորդ քաշ հավաքելու պատճառը։ Այլապես վիրահատության միջոցով վերացված ճարպը շատ կարճ ժամանակում կարող է վերականգնվել»,- տեղեկացրեց էնդոկրինոլոգը։
Ամփոփելով՝ նա ավելորդ քաշ ունեցողներին խորհուրդ տվեց առողջ ապրելակերպ վարել՝ իրենց օրակարգում ներառելով ֆիզիկական ակտիվությունն ու ճիշտ սննդակարգը: «Հակառակ տարածված կարծիքին, թե հայերը չեն սիրում ճիշտ ժամանակին բժշկի դիմել, քիչ չեն այն մարդիկ, ովքեր գիրության հետ կապված խնդիրներով մեզ մոտ են գալիս»,- ավարտեց բժշկուհին։



























