Թավրիզյան «Շահրիար» նավթամշակման կոմբինատի արտադրանքը կարտահանվի Հայաստան եւ Կովկասի ու Միջին Ասիայի մի շարք երկրներ։ Այս մասին օգոստոսի 19-ին, Mehr գործակալությանը տված հարցազրույցում, ասել է նավթամթերքների արտադրության եւ բաշխման Իրանյան ազգային ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Սեյեդ Հասան Կասեմզադեն։

Թավրիզում նոր նավթամշակման կոմբինատի կառուցման ավարտից հետո, ինչպես հայտնեց Կասեմզադեն, ստեղծվելու են համապատասխան պայմաններ Միջին Ասիայի եւ Կովկասի երկրներ, այդ թվում նաեւ Հայաստան նավթամթերքի արտահանման համար։

Ըստ նրա, «Շահրիար» կոմբինատում ստացած նավթամթերքը համապատասխանելու է «Եվրո 5» էկոլոգիական չափանիշներին։

Հիշեցնենք, որ Իրանն ու Հայաստանը 2009 թ-ին ձեռնամուխ են եղել Թավրիզ (Իրան)-Երասխ (Հայաստան) նավթամուղի կառուցման ծրագրի իրականացմանը, որով էլ Հայաստան կարտահանվի Թավրիզում մշակված նավթամթերքը։ Նախագիծը ուղղված է Հայաստանի ներքին պահանջների բավարարմանը՝ բենզին եւ նավթ։ Հայաստանում տարեկան օգտագործվում է 450-500 հազար տոննա վառելիք։