«Ոտքի Հայաստան» նախաձեռնության` ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին հավաքվել է 4000-ից ավելի ստորագրություն: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 16-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Մեր ստորագրահավաքը շարունակվում է, արդեն ունենք 4000 ստորագրություն: Հանրապետության հրապարակից դեռ չենք պատրաստվում հեռանալ, մնալու ենք այստեղ և շարունակելու ենք մեր ստորագրահավաքը, մինչև անհրաժեշտ թվով ստորագրություն հավաքենք ու հասնենք մեր պահանջների իրագործմանը»,-ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը միայն մյուս շաբաթ կհայտարարի, թե կոնկրետ որ ընդդիմադիր ուժերի հետ է ցանկանում համագործակցել:
«Դեռ չենք ցանկանում հայտարարել, թե կոնկրետ որ ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու, մեր երեկվա հայտարարությունը վերաբերում է բոլոր այն ուժերին, որոնք պատրաստ են համագործակցել մեզ հետ, սպասում ենք նրանցից արձագանքի: Մյուս շաբաթվանից արդեն կոնկրետ ընդդիմադիր ուժերի կդիմենք և կսկսենք մեր քննարկումները»,-ասաց նա:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 13-ին հայտարարություն էր տարածել, որով առաջարկել է քաղաքական ուժերին օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում միանալ իրենց և հասնել ՀՀ նախագահի ու վարչապետի հրաժարականներին։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Ի սկզբանե էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով նստացույց սկսած նախաձեռնությունը վերանայել է իր պահանջները եւ այժմ պահանջում է ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում:





























