«Ժառանգություն» կուսակցության անդամներ Հովսեփ Ղազարյանն ու Սեւադա Ղազարյանն այս պահին ՀՀ ոստիկանությունում են. նրանց կանչել են հարցաքննության օգոստոսի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:
«Նրանց այսօր ոստիկանություն են կանչել, այժմ այնտեղ են, նրանց հարցաքննում են: Չեմ կարող մանրամասներ ասել, որովհետև դեռ տեղյակ չեմ»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժառանգության» գրասենյակում այսօր հրավիրված` այս թեմայով մամուլի ասուլիսը չի կայացել` կուսակցության անդամների` ոստիկանություն գնալու պատճառով։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում ՀԿ անդամների և «Ժառանգություն» կուսակցության միջև տեղի է ունեցել ծեծկռտուք: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակից NEWS.am–ին պատմել էին, որ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հարցազրույցից հետո, որում նա քննադատել է բոլոր ընդդիմադիր ուժերին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը 7 ժառանգականների հետ իրենց գրասենյակ է գնացել «պատասխան ստանալու», ծեծկռտուքը սկսվել է, երբ «Ժառանգության» անդամները հարձակվել են իրենց վրա։ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի միջոցով ՀՀ իշխանությունները «պրովոկացիայի» են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության անդամներին: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ գրասենյակում 5 ժառանգականների վրա հարձակվել և ծեծել են 15 ՀԿ անդամներ:
Դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում:





























