Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը օգոստոսի 19-ին հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին` Եկատերինբուրգում: Բացի այդ, Լեւիտինն ու Սարգսյանը քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Իգոր Լեւիտինը եւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այցելել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության փոխադրումների կենտրոն: Նախարարները լսել են Հայաստանի եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագրի դրույթների կատարման հաշվետվությունը, նաեւ քննարկել են այդ ընկերության կողմից իրականացվող բիզնես-նախագծեր: Լեւիտինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվել, ինչպես նաեւ միջոցներ են ձեռնարկվել հայ երկաթուղագործների ուսուցման ուղղությամբ: