Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ։ Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ խմբակցությունն իր դիրքորոշումներն ու մոտեցումներն է հայտնել Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ։

«Միջանկյալ այս փուլում Սահմանադրության նոր նախագիծը  համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին։ Նախագծի վերաբերյալ կա փոխըմբռնում, այժմ քննարկումների նոր փուլն ենք թեւակոխում, որտեղ տարբեր քաղաքական ուժեր մասնակցում են քննարկումների»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն: