Նախագահի հետ հանդիպումը բովանդակային էր: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ իր կարծիքն արդեն հայտնել է եւ չի ցանկանում այլեւս մեկնաբանություններ տալ:
«Մեկ բառով կգնահատեմ հանդիպումը՝ բովանդակային: Ամեն ինչ ասել եմ երեկ, այլեւս ցանկություն չունեմ մեկնաբանություն տալու եւ ավելացնելու բան չունեմ»,-ասաց նա:
Մեր հարցին, թե ինչպես են իր այդ քայլին վերաբերում ՀԱԿ-ում, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ հանդիպումից հետո չի շփվել ՀԱԿ-ի հետ:
«Ես իմ քայլն ամբողջությամբ արդարացված եմ համարում էն վերաբերմունքից հետո, ինչ դրսեւորվեց ՀԱԿ մամուլի կողմից իմ նկատմամբ»,-ասաց նա:
Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը պատգամավորին անվանել էր «այո»-ի հաճախորդ, քանի որ Լյուդմիլա Սարգսյանն ընդունել էր նախագահի հրավերը եւ մասնակցել Սահմանադրական բարեփոխումների հետ քննարկումներին:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողովը օգոստոսի 20-ին որոշում է կայացրել հաստատել սահմանադրական բարեփոխումների եւ հիմնավորումների նախագիծը եւ ներկայացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի Ազգային Ժողով է ուղարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս շաբաթվանից նախագահը սկսել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանադրական փոփոխությունների նախագծում արձանագրված մոտեցումների վերաբերյալ: Նախագահը փորձագիտական հանձնախմբին նաեւ հանձնարարել է շարունակել Վենետիկի հանձնաժողովի հետ երկխոսությունը այն կետերի շուրջ, որոնց առիթով հանձնաժողովը նախնական կարծիք էր հայտնել և որոնց վերաբերյալ առայժմ համաձայնեցված լուծում չի գտնվել:




























