Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը հեռացել է գյուղից:
NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքից անմիջապես հետո մեղադրյալի՝ Սեյրան Գեւորգյանի հայրը, որը նույնպես ներկա է եղել վիճաբանությանը եւ դանակահարությանը, հեռացել է Կուրթանից:
Մեզ հետ զրույցում Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը հայտնեց, որ գյուղում հանգիստ է, սպանությունից հետո էլ լարված իրավիճակ չի ստեղծվել, ինչպես որ ենթադրում են շատերը:
«Սարսափելի բան է տեղի ունեցել, 16 տարեկան երեխան անմեղ տեղը մահացել է, դուռը դռան վրա հարեւաններ են եղել, շատ մտերիմ: Դեպքի օրն էլ մեծերը խմել են, կռիվ արել, Վարդանը փորձել է բաժանել, իրան են խփել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Վարդան Գեւորգյանը շատ խելոք երեխա է եղել, երբեք ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» Ստեփանավանի բժշկական կենտրոն է ընդունվել Կուրթանի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը գիտակցության չգալով մահացել է:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սեյրան Գեւորգյանը կալանավորված է:





























