Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում հնարավոր է «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը համագործակցեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մեր միավորումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է: Մենք համագործակցելու ենք արտախորհրդարանական այլ ուժերի հետ նույնպես: Սա ոչ թե քաղաքական ուժերի կամ անձերի խնդիր է, սա պետության ընդհանուր խնդիրն է դարձել: Չեմ կարծում, որ նախկին համագործակցության ձախողումն ինչ-որ պատճառ կարող է լինել, որ չհամագործակցենք: Մենք ՀԱԿ-ի հետ համագործակցել ենք 2008թ., եռյակի ձեւաչափով»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում արդեն միավորման գործընթաց է սկսվելու, միասնական ճակատ է ձեւավորվելու, որից հետո պայքարի ձեւերը կմշակվեն եւ կկատարվեն:
Դիտարկմանը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանն էլ է, ըստ տարբեր լուրերի, պատրաստվում միանալ «Ոչ»-ի ճամբարին, «Ժառանգության» փոխնապագահը նշեց. «Կարծում եմ, սա իշխանությունների կողմից նետված խայծ է՝ հասարակությանն ընդդիմությունից հետ պահելու համար: Քոչարյանը չի խոսել, նրա պաշտոնական ներկայացուցիչը չի խոսել, բոլորը խոսում են»:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը խորհրդարանական միակ ուժերն են, որոնք Սահմանադրական բարեփոխումներին հստակ դեմ են արտահայտվել: Նշենք, որ այս ուժերը ժամանակին միասին պայքարում էին եռյակի ձեւաչափով՝ ԲՀԿ-ի հետ: Սակայն Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ն լքելուց հետո եռյակը մասնատվեց:




























