Գեղարքունիքում սեպտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված 3 եւ վիրավորված 2 զինծառայողները ընկերներ էին, ծառայում էին նույն զորամասում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար Արտավազդ Հակոբյանը, որի համագյուղացին էր զոհված կապիտան Տարոն Սեդրակյանը:
«5 ընկերներով ռեստորան էին գնացել, զորամաս վերադառնալու ճանապարհին էլ դեպքը պատահել էր: Նախնական տեղեկություններով՝ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ երիտասարդները ծառայում էին Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, կապիտան Տարոն Սեդրակյանը տեղում մահացել է, մայոր Գրիգոր Սահակյանը եւ ենթասպա Գեւորգ Վարդանյանը մահացել են քիչ անց՝ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:
Զինծառայողներ մայոր Սեւակ Գասպարյանը եւ կրտսեր սերժանտ Հարություն Միրզոյանը տեղափոխվել են Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:





























