Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարեւորել են ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների միջեւ զորավարժության անցկացումը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման եւ համատեղ խնդիրների իրականացման ու փոխգործակցելության ապահովման առումով:

ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 2–ից ՌԴ-ում  է գտնվում  ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը: ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝  տեխնիկայի ընդունում,  Ս-300 համակարգերի գործարկման ճշգրտում եւ սարքավորումների ստուգում: Նախապատրաստական աշխատանքների ավարտին սեպտեմբերի  8-ին փորձնական  մարտական կրակ կկիրառվի Ս-300  համակարգերից:

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: