Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում մահացած պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի հարազատներն ընթացող նախաքննության մասին ոչինչ չգիտեն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած զինծառայողի հարազատները հայտնեցին, որ գործով ոչ ոք տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել, ձերբակալվածների կամ կասկածյալների մասին էլ տեղեկատվություն չունեն:

«Աշոտը երբեք ծառայությունից չէր պատմում, ասում էր՝ ռազմական գաղտնիք է, դուք գործ չունեք: Գիտենք մենակ, որ գոհ էր ծառայությունից, ոչ մեկի հետ խնդիր չուներ: Դեպքի մասին էլ տարբեր բաներ են խոսում, բայց մենք հստակ ոչ մի բան չգիտենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ պատրաստվում են բողոք ներկայացնել:

Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի համայնքից էր, սոցիալապես անապահով ընտանիքից, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության: Նրա հետ ծառայում էին նաեւ երկու եղբայրները:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: