Իրականությունը շատ ավելի դաժան է, քան արտացոլված է պաշտոնական վիճակագրության մեջ: Այդ մասին ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, թե Հայաստանի ՀՆԱ-ն հունվար-հուլիս ամիսներին աճել է 4 տոկոսով:
Ի դեպ, ըստ նրա, աճի դինամիկան անշեղորեն ընկնում է, մայիսի եւ հունիսի համեմատ աճը նվազել է:
«Թվերի շարժը իրականությունից կտրված է: Վիճծառայությունը ավելի շատ փորձում է հարմարվել այն կարծիքներին, որոնց դեմն այլեւս չի կարող առնել: Կան թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Ասատրյանը:
Ըստ ԿԲ նախկին նախագահի՝ քաղաքականությունը, որն իրականացվում է մեր երկրում, անհեթեթ է: «Մենք արդեն հասել ենք այն կետին, որ զարգացման որեւէ հնարավորություն չունենք: Բազմիցս ասել եմ՝ Հայաստանը հակաճգնաժամային ծրագիր չի ունեցել»,- արձանագրել է Բագրատ Ասատրյանը:
«Տարեվերջին շատ սիրուն թվեր կներկայացնեն, որոնք որեւէ կապ չեն ունենա իրականության հետ: Մենք կրկին կունենանք համատարած աղքատություն, դժգոհող բնակչություն»,- նշել է ընդդիմադիր գործիչը:



























