Երեւանի Նուբարաշեն թաղամասում անցած տարվա հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի փաստաբանը հրաժարվել է իր պաշտպանյալից: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Իմ ծառայությունների դիմաց ինձ չեն վճարել, ես էլ հրաժարվել եմ»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նախաքննությունն ավարտական փուլում էր: Այս պահին դեռեւս հայտնի չէ, թե ով է ստանձնել Օսիպյանի եղբորորդու պաշտպանությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա մոտ 9 ամիս գտնվում էր հետախուզման մեջ: 2015թ. մարտի 21-ին նա ներկայացել էր ոստիկանություն, երբ փոխվել էր խափանման միջոցը:




























