Տավուշի մարզի Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանը որդուն սպանության համար մեղադրանք առաջադրվելուց հետո ընդհատակ է անցել:
Օգոստոսի 25-ից, երբ հայտնի դարձավ, որ Դիլիջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեղադրանքով կալանավորվել է Արագած Թամրազյանը, գյուղապետին այլեւս գյուղապետարանում «բռնացնել» հնարավոր չէ: Արդեն 15 օր գյուղապետարանի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցին հայտնում են, որ Թամրազյանը «գործով» դուրս է եկել:
Հարցին, թե հնարավոր է այսքանից հետո գյուղապետը հրաժարական տա, մեզ պատասխանում են. «Ինչի՞ պիտի հրաժարական տա, մենք էդ մասին իր հետ չենք խոսում, աշխատում ենք ոչ մի բան չհարցնել գյուղապետին»:
Նշենք, որ գյուղապետը հեռախոսազանգերի նույնպես չի պատասխանում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին Արագած Թամրազյանն ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի ավտոմեքենային, որի ընթացքում հրացանից չորս անգամ կրակել է նրա ուղղությամբ: Այնուհետեւ Նավասարդ Աբգարյանը, փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ, իջել ավտոմեքենայից եւ որպես հետիոտն անցել ճանապարհի երթևեկելի մաս: Արագած Թամրազյանը շարունակել է հետապնդել նրան եւ կրակել Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց մահացել է:
Դեկտեմբերի 28-ին Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում: 2015թ. օգոստոսի 25-ին Թամրազյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով։




























