«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ գերեվարել է 2 օտարերկրացու՝ մեկ նորվեգացու եւ մեկ չինացու։ Այս մասին հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Ծայրահեղականները հրապարակել են դեղին բանտաշապիկներ հագած երկու տղամարդու լուսանկարները եւ նշել, որ դրանցից մեկը Օսլոյի 48-ամյա բնակիչ Օլե Յոհան Գրիմսգարդ Օֆսթադն է, իսկ մյուսը՝ 50-ամյա չինացի Ֆան Ցզինհուեյը։

Ահաբեկիչները նշել են, որ գերիների դիմաց փրկագին են պահանջում։ Լուսանկարների վրա նրանցից յուրաքանչյուրի դիմաց գրված է «Նորվեգացի գերի. վաճառվում է», «Չինացի գերի. վաճառվում է»։

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հայտարարել է, որ կառավարությունը գիտի, որ Սիրիայում առեւանգել են իրենց քաղաքացուն։ «Դա լուրջ հարց է։ Մեր նպատակն է, որ մեր քաղաքացին բարեհաջող վերադառնա Նորվեգիա»,- հայտարարել է նա եւ նշել, որ կառավարությունը չի պատրաստվում փրկագին վճարել։