Ադրբեջանի իշխանությունները մտադիր են հայց ներկայացնել France 2 ֆրանսիական պետական հեռուստաալիքի դեմ այն բանից հետո, երբ եթերում ցուցադրվել էր լրագրողական հետաքննություն, որտեղ Ադրբեջանն անվանվում է բռնապետություն, իսկ նրա նախագահ Իլհամ Ալիեւը՝ բռնապետ։ Այս մասին գրում է France-Presse-ը՝ վկայակոչելով փաստաբան Օլիվիե Պրադոյին։

«Լրագրողներ Էլիզ Լյուսեն եւ Լորան Ռիշարը ծրագրի ամենասկզբում Ադրբեջանը ներկայացնում են որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Պարդոն, փոխանցում է RFI ռադիոկայանը։

Սեպտեմբերի 8-ին France 2-ը Cash Investigation ծրագրի շրջանակներում ցուցադրել էր սյուժե, որը նվիրված էր 2014թ. գարնանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցելությանը Ադրբեջան։

Ադրբեջանում նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողների նկարահանած նյութերը, մասնավորապես ընդդիմադիր գործիչների հետ ունեցած հարցազրույցները առգրավվել էին։

«Ծրագրում Ադրբեջանի առաջնորդին առանց որեւէ ապացույցի ներկայացնում են որպես կովկասցի բռնապետ»,- ասել է փաստաբանը։

Օլիվիե Պրադոյի խոսքով՝ Ադրբեջանը այլեւս մտադիր չէ հանդուրժել նման բաները եւ դատի կտա իրեն զրպարտող ցանկացած մեկի։