Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ, դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը որդու սպանության մեջ մեղադրվող կուրսանտ Վաչե Սահակյանից օրեր առաջ նամակ է ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Արկադի Բարսեղյանը՝ նշելով, որ նամակում Վաչեն գրել է, որ ինքը մեղավոր չէ Հայկազի սպանության համար:
«Ինձ ուղղված նամակ էր ուղարկել գյուղապետարան, մեջը ոչ մի ցավակացական խոսք չէր գրել: Ինքն էնտեղից էլ ա ուզում լավ տղա խաղալ, գրել էր՝ չեմ կարա ներողություն խնդրել մի բանի համար, որ ես չեմ արել, նախաքննությունը սխալ է, դուք էլ կտեսնեք, որ տենց չի»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Արկադի Բարսեղյանը Վաչե Սահակյանի այս արարքը փրփուրներից կախվել որակեց՝ նշելով, որ ինքը ոչ մի կասկած չունի, որ Վաչեն մեղավոր է որդու սպանության համար:
«Երբ ամեն ինչ հրապարակվի, բոլորն էլ կտեսնեն, թե իր անունը ինչքան է շոշափվում, ու ոչ միայն որդուս սպանության դեպքով, այլ նաեւ համալսարանում այլ կուրսանտների ճնշումների ենթարկելու: Ինքը մի հատ գազան, հարց լուծող տղա է եղել: Կգա օրը, դա իր հարազատներն էլ կտեսնեն»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Սպանված կուրսանտի հոր մոտ նախաքննության ավարտից հետո հարցեր չեն մնացել, նա որդու սպանությունը լիարժեք բացահայտված է համարում:
«Ես այս մի քանի ամիսների ընթացքում հետեւել եմ նախաքննության ընթացքին, քննիչը լավ աշխատել է, անգամ այլ բաներ է պարզել մեղադրյալների վարքագծի՝ այլ երեխաների ծեծել, ջարդելու վերաբերյալ: Իսկ մեղադրյալների մեղքն էլ ապացուցվել է հենց սենյակի մնացողների, օրապահների ցուցմունքներով»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով եւ էական վնաս են պատճառել):
Գործի նախաքննությունն ավարտվել է:





























