Հայաստանում սահմանադրական բարեփոխումների «գնացքն» արդեն ընթացքի մեջ է, եւ յուրաքանչյուրը պետք է իր տեղը գտնի այդ գնացքում: Այս մասին սեպտեմբերի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով «Ո՛չ»-ի շարժմանը՝ նա նշեց, որ Հայաստանը երկիր է, որտեղ ժողովրդավարությունը կայացած փաստ է: «Այսօր փաստ է, որ երկրի քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը, նույնիսկ այն ուժերը, որոնք մի քանի ամիս առաջ դեմ էին սահմանադրական փոփոխությունների անցկացմանը, դրանք անհրաժեշտություն են համարում: Նախագահի հետ հանդիպումից հետո նրանց կողմից ավելի հավասարակշռված մոտեցում է ցուցաբերվում»,- ընդգծեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նաեւ հավելեց, որ այսօր գոյություն ունի այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին խոսում էր նախագահը: «Ամեն ինչի կորոշի հանրապետության քաղաքացին: Դա չենք որոշում ո՛չ մենք, ո՛չ էլ «Ո՛չ»-ի շարժումը»,- ասաց նա:





























