Արտաշատի հիվանդանոցի աշխատակիցն է ջրանցքը գցել փտախտով հիվանդի անդամահատված ոտքը։ Այս մասին NEWS.am-ին ասաց վիրահատվածի ազգականը՝ Ռուբեն Գեւորգյանը։
«Ոտքի մեջ պրովոդ էր մտել, ինքն էլ շաքար էր ունեցել ու փտախտ էր սկսվել, վիրահատել էին: Վիրահատությունից հետո էդ մարդու եղբայրը բժշկից հետաքրքրվել էր՝ ում պիտի տան ոտքը, ասել էին՝ դիմի տվյալ աշխատողին, իրենք կտանեն, կթաղեն: Տվել են, որ աշխատողն ըստ կարգի տանի, թաղի, մարդը տարել ու կանալն ա գցել»,- ասաց ազգականը, որ իրենք ոտքը թաղելու պատասխանատվություն չեն ստանձնել, առավել եւս դրա վերաբերյալ ոչ մի փաստաթուղ չեն ստորագրել։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ հարազատներն իրենք էին ոտքը պահանջել վիրահատությունն անցկացրած բժշկից, նա էլ ստորագրությամբ տվել էր այն:
ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների Համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Ժանետա Բեդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Առողջապահական պետական տեսչությունում վարչական վարույթ է հարուցվել կատարվածի առնչությամբ։
Ինչպես նշեց Ժանետա Բեդյանը՝ ըստ առողջապահության նախարարի հրամանի՝բժշկական կենտրոնը պետք է ունենա հատուկ տարաներ բժշկական թափոնները հավաքելու համար: Դրանք պետք է լինեն հատուկ սենյակում, բժշկական կենտրոնը պետք է ունենա պայմանագիր թափոնները ոչնչացնող կազմակերպության հետ, որը պարտավոր է այդ թափոնները ոչնչացնել:
Հիշեցնենք, որ Երեւանի բնակիչ Հայկ Ամիրյանի ոտքն անդամահատել էին օգոստոսի 23-ին՝ Արտաշատի հիվանդանոցում:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող ջրանցքում մարդու ոտք է նկատվել:





























