Միացյալ Նահանգներն ընդունում է սեփական ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերի կարեւորությունը: Վաշինգտոնում NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով սեպտեմբերի 13-ին Արցախում նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
«Հակամարտության համակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու հարցում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, ամեն դեպքում, ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ինքնիշխան պետություն: Մենք չենք ճանաչում սեպտեմբերի 13-ի, այսպես կոչված, ընտրությունների արդյունքների ազդեցությունը տարածքի իրավական կարգավիճակի վրա: Մենք նաեւ ընդգծում ենք, որ այսպես կոչված ընտրությունները որեւէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, եւ հակամարտության խաղաղ երկարաժամկետ կարգավորմանը միտված բանակցությունների արդյունքները»,- ասել է Քիրբին:





























