ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը նախապես բանակցել է «Արցախէներգո» ՓԲԸ-ի հետ՝ սակագնի հայտ ներկայացնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հանձնաժողովի լրատվական ծառայությունից:

«Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության հետ նախապես տեղի ունեցած քննարկումների արդյունքում է որոշվել այնպիսի հայտ ներկայացնել, որն օպտիմալ սակագին կառաջարկի: Այդ է պատճառը, որ «Արցախէներգո»-ի առաջարկած սակագինը՝ 49 դրամը, ընդունվել է»,- ասացին մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 12-ից արցախցիները հոսանքի դիմաց վճարելու են 49 դրամ, նախկինում վճարել են 41,85 դրամ: Ըստ հանձնաժողովի՝ բնակչությունը վճարելու է 25 դրամ, իսկ մնացած 24 դրամը կվճարի ԼՂՀ կառավարությունը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը սետեմբերի 10-ին  սահմանել է «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` 40 դրամ/կՎտժ ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկ,

6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 46 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկ,

0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

- ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկ

- գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկ:

Սակագները գործելու են սույն թվականի հոկտեմբերի 12-ից: