Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակը բավականին նման է 100 տարի առաջ տեղի ունեցածին: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով թուրք-քրդական հարաբերություններին եւ երկրում ստեղծված լարված իրավիճակին:

«Թուրքիան նորից իր համար գլոբալ խնդիրներ է լուծում, այս պարագայում բնիկ ժողովուրդների դեմ եւ առաջին հերթին քրդերի դեմ: Թեեւ Թուրքիայի իշխանությունները փորձում են քողարկել իրենց արարքները՝ անվտանգության գոտիներում թույլ չտալով լրագրողներին մուտք գործել, ամեն ինչ իմացվում է: Հատկապես վերջին շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք ազգայնականներին ծայրահեղական գործողությունների»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը, որն այս ամենի միջով անցել է դեռ 100 տարի, պետք է Թուրքիայում ներկայումս կատարվող իրադարձությունների մասին բարձրաձայնի միջազգային ատյաններում՝ այս կերպ կատարելով իր բարոյական պարտքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում իրավիճակը սրվել է հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քրդական կուսակցությունը մտավ խորհրդարան: