Ես վերադարձա, հենց որ Ինտերպոլը հանեց իմ դեմ միջազգային հետախուզումը՝ այն ճանաչելով Ադրբեջանի կողմից քաղաքականապես մոտիվացված։ Ես անմիջապես վերադարձա հայրենիք, որտեղ ինձ դիմավորեցին Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք ինձ հանձնեցին ոստիկանությանը, նրանք էլ՝ դատախազությանը։ Այս մասին Կսենիա Սոբչակի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը՝ նշելով, որ բոլոր ծառայություններն իրենց գործառույթները հստակ են կատարել։
Ստերլիգովի խոսքով՝ անհրաժեշտ էր պահպանել ձեւական կողմը, քանի որ ինքը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։
Ստերլիգովը նշել է, որ իրեն հուզել է ռուսական հատուկ ծառայությունների բարեհոգի վերաբերմունքը։ «Ես ռուսական կողմից ոչ մի դժգոհություն չունեմ»,- ասել է Ստերլիգովը։
Այն դիտարկմանը, թե ինքը Ռուսաստան է վերադարձել նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանը չի հանձնում իր քաղաքացիներին, Ստերլիգովը պատասխանել է. «Ոչ։ Դա այդպես չէ։ Ես վերադարձել եմ, որովհետեւ Ռուսաստանն իմ հայրենիքն է։ Ես ռուս գյուղացի եմ եւ արդեն վաղուց գործարար չեմ»։





























