Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը վերսկսվել է, սակայն Կյուրեղյանի ընտանիքի անդամներին եւ համակիրներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստերի դահլիճում միայն լրագրողներն են, ներկա է նաեւ ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը: Նա այս պահին հանդես է գալիս պաշտպանական ճառով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հայկ Կյուրեղյանը ներկա չէր նիստին, ինչի պատճառով էլ դահլիճում հավաքված նրա համակիրները աղմուկ էին բարձրացրել: Նիստն ընդմիջվել էր, տեղափոխվել այլ՝ ավելի փոքր դահլիճ եւ հետաձգվել մինչեւ 15:00-ն: Հայկ Կյուրեղյանին արդարացնելու պահանջով առավոտից դատարանի առաջ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները շարունակում են մնալ դատարանի առջեւ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան:





























