Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի հայրը, որին այսօր արգելել էին մասնակցել դատական նիստին,  պնդում է, որ դատարանը խախտում է դատավարության կարգը: Լրագրողների հետ զրույցում Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ դատարանն իրեն թույլ չտալով մասնակցել դատաքննությանը՝ խախտել է իր իրավունքները: Նրա խոսքով՝ Հայկի արարքը եղել է հանուն  հայրենիքի, որը ժամանակի ընթացքում կգնահատվի:

« Չեմ կարծում, որ որեւիցե մեկը կարող է բացատրություն տալ, դատավորից սկսած, վերջացրած մյուսներից, թե ինչու  այսօր ինձ արգելեցին մտնել դատավարության: Իմ տղան հաստատ 14 տարի չի նստի, որովհետեւ չեմ կարծում, որ այս ռեժիմի գործունեությունը 14 տարի կտեւի»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան տեղի ունեցավ Հայկ Կյուրեղյանի գործով հերթական նիստը, սակայն Հայկ Կյուրեղյանը ներկա չէր նիստին, ինչի պատճառով էլ դահլիճում հավաքված նրա համակիրները աղմուկ էին բարձրացրել: Նիստն ընդմիջվել էր, տեղափոխվել այլ՝ ավելի փոքր դահլիճ եւ հետաձգվել մինչեւ 15:00-ն: Հայկ Կյուրեղյանին արդարացնելու պահանջով առավոտից դատարանի առաջ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին, այդ թվում նաեւ նրա հորը, թույլ չտվեցին մասնակցել դատական նիստի երկրորդ հատվածին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: