«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանի եւ նրա ընտանիքի վրա ճնշումներ են գործադրվում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԽ մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ նշվում է. «Սպառնալիքների, հետապնդման եւ խոստումների բազմազան զինանոցի կիրառմամբ այս հալածանքն իրականացվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի վերահսկողությամբ եւ Արարատի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Գագիկ Եղիազարյանի նկատմամբ նմանօրինակ հալածանքի վերջին դեպքն արձանագրվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան: Տեղեկանալով, որ Գագիկ Եղիազարյանը Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի առաջին շարքերում է, Ռուբիկ Աբրահամյանի օգնականն այցելել է Դաշտավան գյուղում բնակվող Գագիկ Եղիազարյանի ընտանիքին՝ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով փորձելով հերթական անգամ ազդել Գագիկ Եղիազարյանի վրա եւ նրան հետ պահել պայքարից»: