Այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրանում է Թուրքիայում 1980 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման 35 տարին։ Դրանից առաջ եւս երկու անգամ եղել են զինվորական հեղաշրջումներ։ 1960, 1971 եւ 1980 թվականների հեղաշրջումների հիմնական փաստարկը այն է, որ երկիրը շեղվում է Աթաթուրքի հռչակած ճանապարհից, մխրճվում է տեռորի եւ քաոսի մեջ։
Այդ պայմաններում Թուրքիայի զինվորականությունը իրեն իրավունք է վերապահել իրականացնել հեղաշրջումներ՝ երկիրը տեռորից, քաոսից հանելու համար։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման հեղինակն այդ ժամանակվա Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենն է եղել։ Այնուհետեւ Քենան Էվրենը ընտրվում է Թուրքիայի նախագահ։ Թուրքիայի սահմանադրությամբ զինվորական հեղաշրջումները համարվում են ծանր հանցագործություններ։
Էվրենի ջանքերով Թուրքիայի խորհրդարանը ընդունում է օրենք, որով արգելվում է դատել 1980 թվականի դեկտեմբերի 12-ի հեղաշրջման մասնակիցներին։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գլխավոր դերակատար 97-ամյա Քենան Էվրենը 2014-ի հունիսին դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Ներկայացնենք որոշ թվեր 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից: 650 հազար մարդ ձերբակալվել է, իսկ 1 միլիոն 683 հազար մարդ գրանցվել սեւ ցուցակում: Բացված 210 հազար քրեական գործերով դատապարտվել է 230 հազար մարդ: 7 հազար մարդու համար պահանջվել է մահապատիժ, որոնցից 517 հոգի ենթարկվել է մահապատժի: 171 հոգի մահացել է տանջանքներից, 300 հոգի էլ՝ կասկածելի պայմաններում: Բանտերում սպանվել է 299 հոգի: 14 հոգի մահացել է հացադուլից, 16 հոգի սպանվել է փախուստի դիմելիս, 95 հոգի էլ՝ բախման ժամանակ: 43 հոգի ինքնասպան է եղել, իսկ 73 հոգու համար էլ տրվել է «բնական մահով մահացած» եզրակացություն:





























