Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար: Այդ մասին «Ո՛չ»-ի ճակատի համաժողովում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Մեզ այստեղ բերել է տագնապը մեր երկրի ճակատագրի համար: Հերիք չէ, որ ընտրությունների կեղծումով, թալանով ռեժիմը յուրացրել է իշխանությունը, այսօր ցանկանում են այդ յուրացում ամրապնդել սահմանադրորեն:  Ինչպես միշտ նման ճակատագրական պահեին գոյություն ունի երկու տարբերակ, կամ հստակ ոչ ես ասում եւ պայքարում այս հրեշավոր ծրագրի դեմ, կամ կամա-ակամա դառնում ես այդ ծրագրի հանցակիցը: Այստեղ հավաքվել են այն ուժերը, որոնք մեզ հայտարարված պատերազմի մարտահրավերն ընդունում են»,- ասել է Զուրաբյանը:

Ներկայացնելով ՀԱԿ տեսակետը՝ Զուրաբյանն ասել է, թե Հայաստանում սահմանադրական ռեֆորմի համար չկա ոչ պահանջ, ոչ անհրաժեշտություն: «Հայաստանի քաղաքական համակարգի բոլոր արատները կապ չունեն սահմանադրության հետ, կապված են կոռուպցիայի, կեղծիքների, իշխանության յուարցման հետ: Գործընթացի միակ նպատակն է՝ օգնել Սերժ Սարգսյանին շրջանցել երրորդ պաշտոնավարման համար արգելքը»,- նշել է Զուրաբյանը՝ արձանագրելով, որ առաջարկվող նախագծով ՍերԺ Սարգսյանն ուզում է  դառնալ «գենսեկ»:

«Լինելու է թույլ նախագահ, որը անգամ գերագույն գլխավոր հրամանատար չի լինելու, թույլ նախարարներ, եւ լինելու է գերհզոր ԱԺ նախագահ, որը լիակատար իշխանություն է  ունենալու:

Ամեն ինչ արվում է, որ Սերժ Սարգսյանը միանձնյա շարունակի գլխավորել երկիրը:

Նախագիծը կործանարար է մեր երկրի անվտանգության համար: Մենք ընդհանրապես մերժում ենք սահմանադրական կառավարման մոդելի փոփոխությունը»,- ասել է Զուրաբյանը: