Լեռնային Ղարաբաղը ոչ թե նավթով, այլ ժողովրդավարական արժեքներով է հարուստ: Այդ մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին հայտնել է Բրյուսելի ֆրանկոֆոնյան խորհրդարանի ղեկավար Ժյուլի դե Գրոոտը՝ մեկնաբանելով բելգիական պատվիրակության ՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցը : Պետք էր տեսնել ու հասկանալ, թե ինչ է նշանակում ժողովրդավարությունն այդ երկրում, նկատել է նա:
«Մենք հանդիպել ենք իշխանական եւ ընդդիմադիր կուսակցույթունների հետ, տեսել, թե ինչպես են կուսակցություններն աշխատում մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա մենք ունենք ելակետ, որի հիման վրա կարող ենք հետեւել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը»,- հայտարարել է դե Գրոոտը:
Ինչպես հայտարարել է Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Սիմոնա Զյուսքինդը, պատվիրակները գիտեին, որ իրենց կարող են արգելել Ադրբեջան մտնել եւ հանգիստ են արձագանքել դրան : Նրանք արդեն ծանուցագիր են ստացել Ադրբեջանի դեսպանատնից:
«Սա մեզ չի խանգարում նորից ու նորից վերադառնալ Հայաստան ու Ղարաբաղ եւ այդ հանրապետություններում ընթացող գործընթացներին ծանոթացնել եվրոպական հասարակությանը»,- հավելել է նա:





























