Վենետիկի հանձնաժողովի հրապարակած երկրորդ միջանկյալ կարծիքը սպասելի էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Հիմնական առաջարկությունները մենք նախապես քննարկել էինք Վենետիկի հանձնաժողովի հետ, երեւանյան հանդիպման ժամանակ իրենք էլ դա հայտարարել»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ իրենք ընդունել են հանձնաժողովի առաջարկը եւ ԱԺ պատգամավորության թեկնածու լինելու սահմանափակումների վերացման մասով նստակեցության ցենզը իջեցրել է 5-ից 4 տարվա. «Երկքաղաքացիության մասով իրենց առաջարկությունը չի ընդունվել, քանի որ մենք վերապահումով ենք այդ հարցին վերաբերում: ԱԺ պատգամավորը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

Ինչ վերաբերում է ամենաքննարկված կետին՝ հոդվածի 105-ին, որով արգելվում էր ԱԺ լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում նոր խմբակցություններ ստեղծել, Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ մեղմացում է եղել: Միեւնույն ժամանակ, խմբակցության ղեկավարը մտավախություն ունի, որ պատգամավորները կարող են օգտագործել առիթը եւ որեւէ կուսակցության կազմում մտնելով խորհրդարան՝ դուրս գալ եւ նոր խմբակցություն ձեւավորել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին հրապարակել էր երկրորդ միջանկյալ կարծիքը՝ նշելով, որ հետագա բարելավման որոշակի առաջարկություններ են ներկայացնում:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սեպտեմբերի 15-ին այն կդրվի քննարկման: