Այս տարի Հայաստանում զանգվածային թունավորումների դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին մասսայական թունավորումները վկայում են , որ սննդամթերքի անվտանգության հետ կապված մեծ խնդիրներ կան Հայաստանում:
«Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ լծակ չունի հարցերը կարգավորելու համար: Ըստ էության, նախատեսված է ամենօրյա ստուգումներ մանկապարտեզներում եւ դպրոցներում, բայց փաստացի դրանք չեն կատարվում»,-ասաց նա:
Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ թունավորումների դեպքերը պետք է բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն:
«Եթե մի անգամ չբացահայտվեց, երկրորդ անգամ չբացահայտվեց, դա արդեն պարբերական բնույթ կարող է կրել: Պետք է պարզել, թե նույն մատակարարին ինչպես են ընտրում : Առաջ քիչ թե շատ աշխատանք կատարվում էր, մինչդեռ հիմա պարզ չի ստուգումներ արվում են, թե չէ»,- ասաց նա:





























