«Եղվարդշին» ընկերության եռակցողը դատարանի վճռով տուգանվել է նախորդ տարվա օգոստոսին Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում 12 հեկտար այգիների հրդեհվելու գործով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հրդեհի հետեւանքով վնասված այգիներից մեկի սեփականատեր Վազգեն Մանուչարյանը:
«Դատարանը մեղավոր ճանաչեց, տուգանեց 300 հազար դրամով, չնայած ինքը մեկ ա՝ պնդում էր, թե իր մեղքով չի եղել: Իրեն մեղավոր ճանաչեցին, բայց դե մեզ էլի ոչ մի կոպեկ չտվեցին»,- ասաց Վազգեն Մանուչարյանը՝ նշելով, որ «Եղվարդշին» ընկերության դեմ ներկայացրած իրենց փոխհատուցման քաղաքացիական հայցի ճակատագիրը դեռ անորոշ է, հրդեհի փաստով հարուցված քրեական գործն այդքանով ավարտվել է:
Վազգեն Մանուչարյանը նշեց, որ եթե իրենց հարցը լուծում չստանա, իրենք կշարունակեն բողոքի ակցիաներ անցկացնել, չի բացառվում նաեւ նստացույց նախագահական նստավայրի մոտ:
«Ես ինը տարի մեծ փողեր ծախսեմ, իմ ինվալիդ մորը, ընտանիքին չարչարեմ, մեկը գա, վառի՞ այգիներս, բնական ա, որ ես ինձ պետք է պաշտպանեմ: Պետք լինի, պատրաստ ենք բոլոր տուժած բնակիչներով նախագահի նստավայրում օրերով, շաբաթներով նստացույց սկսել: Մենք պետությունից ոչինչ չենք ուզում, ուզում ենք` նախագահը տեսնի, թե ինչ աշխատողներ կան»,- ասաց Վազգեն Մանուչարյանը, որը քաղհայցով «Եղվարդշին» ընկերությունից մոտ 10 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել:
Հիշեցնենք, որ 12 հեկտար այգիները հրդեհվել էին «Եղվարդշին» ընկերության տարածքում ջրագծի խողովակները հատել-մասնատելու աշխատանքներ կատարելու ժամանակ: Եռակցման սարքից թռած կայծերը, դիպչելով չոր, չհնձված խոտին, հրդեհ էին առաջացրել: Ըստ տուժածների, այդ կազմակերպությունը շինարարության թույլտվություն չի ունեցել եւ այն ստացել է դեպքից հետո: Տուժած գյուղացիները բողոքել էին, որ «Եղվարդշինի» տնօրենն իրենց վիրավորել է, չի ցանկանում փոխհատուցել վնասները: Նրանք բողոքի ակցա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց, ճանապարհ փակել Տավուշի մարզում:





























