38-ամյա Նարինե Հովհաննիսյանը, որը ստիպված է 2-ամյա դստերն իր հետ աշխատանքի տանել, աջակցություն է ստացել մի շարք քաղաքացիներից, որոնց հուզել է Նարինեի եւ նրա դստեր տխուր պատմությունը։
NEWS.am-ի հետ զրույցում կինը նշեց, որ ոմանք գումարով են օգնել, մյուսները` սնունդ ու հագուստ բերել։ Օգնության շնորհիվ նա դստերը կկարողանա մանկապարտեզ տանել, որը ստիպված չի լինի մնալ մանկասայլակում, մինչ մայրը մոտակայքում մաքրում է փողոցները։
«Երկուշաբթի գնալու եմ թաղապետարան` երեխայիս մանկապարտեզ գնալու հարցերը լուծելու, արդեն կարող եմ դա ինձ թույլ տալ»,- ասաց Նարինեն՝ շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքողներին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նարինեն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:30-ից մինչեւ 03:00-ն, դուստրն այդ ամբողջ ընթացքում իր հետ է լինում:
Կնոջ խոսքով՝ ինքը 55.000 դրամ աշխատավարձ է ստանում, որը մի կերպ բավականացնում է բնակարանի վարձը վճարելու եւ սնունդ գնելու համար:
Լուսանկարը` Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից





























