Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդում է, որ իր եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի փաստաբանը պաշտպանյալից չի հրաժարվել իր ծառայությունների դիմաց չվճարվելու պատճառով:

«Այդքան էլ այդպես չի, մնացածը կարող եք զանգել Սեդրակ Օսիպյանի ծնողներին: Այս ո՞ր թիվն է, որ գումար չտային: Եթե Կրոմվել Գրիգորյանին գումար տված չլինեին, նա ձայնը չէր կտրի»,- NEWS.am-ին ասաց Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ ինքը զբաղված է, խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, այդ պատճառով չի հետաքրքրվել մանրամասներով:

Վալերի Օսիպյանը նշեց, որ տեղյակ չի՝ ով է ստանձնել իր եղբորորդու պաշտպանությունը:

Նշենք, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը NEWS.am-ին ասել էր, որ իրեն չեն վճարել իր ծառայությունների դիմաց, այդ պատճառով հրաժարվել է Սեդրակ Օսիպյանի պաշտպանությունից:

Հիշեցնենք, որ Սեդրակ Օսիպյանը մեղադրվում է նախորդ տարվա հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ: 

Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա մոտ 9 ամիս գտնվում էր հետախուզման մեջ: 2015թ. մարտի 21-ին նա ներկայացել էր ոստիկանություն, երբ փոխվել էր խափանման միջոցը: