Ուկրաինայի նախկին նախագահ, Մինսկում շփման խմբում Կիեւի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչման Դոնբասը համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ: «Դոնբասում ճգնաժամը չի հաջողվի հաղթահարել, այն սառեցված հակամարտություն կդառնա, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում կամ Հարավային Օսիայում»,- հայտարարել է Կուչման:

Ըստ riafan.ru-ի, նա ընդգծել է, որ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք տեղի ունեցան Դոնբասում, պատմության մեջ եղել են, սակայն մեծամասամբ չի հաջողվել դրանք ավարտին հասցնել:

«Որքան տարբեր հանձնաժողովներ են ստեղծվել տարբեր մակարդակներով, եւ ինչ, որեւէ խնդիր լուծվե՞լ է: Ո՛չ: Թունելի վերջում լույս տեսնո՞ւմ ենք, որ այն կլուծվի: Ո՛չ: Եվ աշխարհը, կարծես, համաձայնել է, որ այդ հակամարտություններն այդպիսի կարգավիճակում են ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Մոլդովայում, ե՛ւ Ադրբեջանում»:

Կուչմայի կարծիքով, այն մասին, որ Դոնբասը դասվելու է Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների շարքին, վկայում է այն, որ աշխարհը սկսում է կորցնել հետաքրքրությունն Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադարձությունների նկատմամբ: «Միջազգային հանրությունն ավելի քիչ է անդրադառնում Ուկրաինայի իրադարձություններին: Եվրոպական լրատվամիջոցներում դրանց մասին գրեթե ոչինչ չկա»,- փաստել է Կուչման: