Մոսկվան տեղեկություն ունի, որ ԱՄՆ-ն գիտի «Իսլամական պետության» դիրքերի հստակ վայրերը, սակայն չի հրահանգում հարվածներ հասցնել դրանց ուղղությամբ: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսական Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Մեր ամերիկյան գործընկերները կա՛մ հենց սկզբից այնքան էլ մտածված չեն ստեղծել իրենց կոալիցիան, կա՛մ այն ձեւավորել են այնպես, որ կոալիցիան հայտարարված նպատակները չունի: Կոալիցիան շատ հապճեպ ստեղծվեց. մի քանի օրվա ընթացքում հայտարարվեց, որ դրանում մի շարք երկրներ են ներառված, ինչ-որ հարվածներ սկսվեցին»,- հայտարարել է Լավրովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուսաստանցի նախարարն ասել է, որ երբ վերլուծում ես կոալիցիայի անդամ երկրների ավիացիայի գործունեությունը, տարօրինակ տպավորություն է ստեղծվում: Երբեմն թվում է, որ բացի ԻՊ-ի դեմ պայքարի մասին հայտարարություններից, այդ կոալիցիան նաեւ այլ նպատակներ ունի:
«Կարծում եմ՝ ոչ ոքի վնաս չեմ հասցնի՝ ասելով, որ կոալիցիայի կազմում ընդգրկված մեր որոշ գործընկերներ ասում են, որ երբեմն տեղեկություւններ են ստանում ԻՊ-ի հստակ դիրքերի մասին, իսկ կոալիցիայի ղեկավարը (բնականաբար՝ ԱՄՆ-ն) հարվածներ հասցնելու համաձայնություն չի տալիս: Չեմ ցանկանում ինչ-որ եզրահանգումներ անել, բայց այդպիսի ազդակներ ստանում ենք»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:





























