Լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը բաժանվել է կնոջից` Էլին Նորդեգրենից: Գոլֆիստի անձնական կյանքում սկանդալների շարքն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Վուդսը բաժանվեց կնոջից:
2009-ին 34-ամյա մարզիկը հայտնվեց մամուլի ու հասարակության ուշադրության կենտրոնում, երբ Ֆլորիդա նահանգում վթարի ենթարկվեց: Ըստ որոշ տեղեկությունների Վուդսը ղեկին է եղել ոչ սթափ վիճակում, իսկ մեկ այլ տեղեկությամբ, նա ինչ-որ դեղահաբեր է օգտագործած եղել: Դրանից մի քանի օր առաջ էլ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ մարզիկը հարաբերություններ ունի այլ կնոջ հետ:
Ապահարզանի մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ նշվել էր, որ գոլֆիստի կինը կարող է ամուսնուց պոկել մինչեւ 100 մլն դոլար: Հայտնի է նաեւ, թե ով է իր վրա վերցնելու 2 երեխաների դաստիարակության հարցը: Ամուսինները եկել են համաձայնության, որ երկուսն էլ կզբաղվեն դրանով:
«Մենք ափսոսում ենք, որ մեր ամուսնությունը վերջ ունեցավ եւ միմյանց երջանկություն ենք մաղթում: Թեեւ մենք այլեւս ամուսիններ չենք, բայց մնում ենք մեր երկու հրաշք երեխաների ծնողները: Նրանց երջանկությունը մեզ համար շարունակում է մնալ ամենակարեւոր բանն աշխարհում»,- ասված է արդեն նախկին ամուսիններին համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել են նրանց պաշտպանները, գրում է independent-news-ը:




























