Շիրակի, Արագածոտնի եւ Արարատի մարզերում սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային թունավորումների հետեւանքով հոսպիտալացված երեխաներն արդեն լավ են:
NEWS.am-ին Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ 17 երեխաներից մի մասը երեկ է դուրս է գրվել, մյուսներն էլ այսօր կգնան տուն:
Ձիթհանքով համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտից հոսպիտալացված երեխաներն այսօր դուրս են գրվելու:
«Նախնական տվյալներով՝ պատճառը ջուրն էր, հիմա շարունակում են ստուգումները, ջուրը նորմայի մեջ է, շեղումներ չկան»,- ասաց գյուղապետը:
Արտաշատ ԲԿ-ից էլ, որտեղ տեղափոխվել էին Բաղրամյան եւ Այգեզարդ գյուղերի 46 աշակերտ, հայտնեցին, որ բոլոր հիվանդները հենց նույն օրը կամ հաջորդ օրն առավոտյան դուրս էին գրվել:
Հիշեցնենք, որ Հանրապետության տարբեր մարզերում սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանահատվածում դպրոցականների զանգվածային թունավորման տասնյակ դեպքեր էին գրանցվել:
Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում սեպտեմբերի 9-ին մոտ 4 տասնյակ դպրոցահասակ երեխաներ թունավորման ախտանիշներով դիմել էին Թալինի հիվանդանոց: Նույն օրը արդեն Շիրակի մարզի մի քանի գյուղերից նորից դպրոցահասակ երեխաներ դիմել են հիվանդանոց նույն ախտանիշներով: Այս մարզերում թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել: Արդեն մի քանի օր է՝ տարբեր համայնքներում ստուգվում է ջուրը՝ հետագա թունավորումներից խուսափելու համար:
Նույն օրերին թունավորման դեպք էր գրանցվել նաեւ Արարատի մարզում. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:
Մարզերում երեխաների թունավորումների դեպքերի առթիվ արդեն քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով:





























