ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ձեր պետական գործունեությունը արժանացրել է Ձեզ հայրենակիցների վաստակած հարգանքին, ծանրակշիռ ներդրում է կատարել ռուսական պետականության զարգացման եւ միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում:

Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում եւ բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետեւողականությունը:

Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջեւ ձեւավորված փոխըմբռնումն ու վստահությունը եւ պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հետագայում նոր նախաձեռնություններով եւ փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով՝ ի շահ մեր երկրների եւ եղբայրական ժողովուրդների բարգավաճման:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: