Մինչեւ նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում իրավիճակն էլ ավելի կսրվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Թուրքիայի իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, որոշակի քրդական շրջանակներ արդեն սպասում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանա կոալիցիա ձեւավորել եւ կգնա նոր խորհրդարանական ընտրությունների:

«Քրդական շրջանակները, որոնք Թուրքիայի դեմ զինված պայքար էին մղում եւ բանակցություններ էին սկսել երկրի իշխանությունների հետ 2013-ին, ներկայումս հայտարարել են, որ հրադադար այլեւս գոյություն չունի: Մյուս կողմից, Թուրքիան ինքն է սադրում բռնություն՝ ցույց տալու համար, որ քրդական շրջանակների, իրականում պետք չէ վստահել»,-ընդգծել է Մանոյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա հունիսի 7-ին, որի արդյունքում խորհրդարան է անցել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը եւ ոչ մի կուսակցության հետ չի կարողացել ձեւավորել կոալիցիա, հետեւաբար նշանակվել են նոր ընտրություններ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 1-ին: