«Հայոց աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Մալաթիա նահանգում անցկացվելու է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն: Մեկ շաբաթվա ընթացքում հիմնականում ցուցադրվելու են երգիծական ժանրի 12 տեղական եւ արտասահմանյան ֆիլմեր: Մրցանակային գումարը հայկականի համեմատ պատկառելի է. հաղթողների համար նախատեսված է 3000-10 000 եվրո գումարային պարգեւատրում:

«Մեր «Ոսկե Ծիրանը» հիմնադրվել է 2004-ին, սակայն թուրքական նորելուկը ընտրելով նույն անունը, փաստորեն փորձում է այդ կերպ «ստվերում թողնել» երեւանյան միջազգայինը, որը, նկատենք, գրեթե ամեն տարի մրցանակի էր արժանացնում թուրք ռեժիսորներին: Ահա եւ, թուրքերը, թերեւս որոշել են հայկականը «տեղափոխել» իրենց մոտ, որ Հայաստան գալու տհաճությունից ազատվեն:

Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում մեր «Ոսկե Ծիրանի» կազմակերպիչները, չե՞ն պատրաստվում թուրքերին դատի տալ` փառատոնի անվանումը գողանալու համար:

Թե՞ «Մշակութային երկխոսությունը» նախատեսում է նաեւ այս կարգի «մերձեցում»,- հարցադրում է անում պարբերականը: