Կանադայում ՀՀ դեսպանությունում օրերս տեղի է ունեցել Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գրքի շնորհանդեսը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մեթյու Քարանյանը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Իր ուղերձում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ներկայացրեց հյուրին, նրա կատարած աշխատանքը եւ խոսքը փոխանցեց հեղինակին: Մեթյու Քարանյանը հանդես եկավ պատմական Հայաստանի` մինչ օրս կանգուն մշակութային արժեքները ներկայացնող, ինչպես եւ կորսված ժառանգությունը փաստող լուսանկարներով համեմված դասախոսությամբ: Արեւմտյան Հայաստանի վեց նահանգների, ծպտյալ հայերի, հայկական եկեղեցաշինության վերաբերյալ ներկայացումն արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը:
Դեսպանության հովանավորությամբ Մեթյու Քարանյանն իր նոր գիրքը հանրությանը ներկայացրեց նաեւ Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում:





























