ՀԱՊԿ անդամ երկրները պաշտպանում են միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը եւ հաստատում են միջուկային զինաթափման իրենց պարտավորությունները։ Այս մասին ասված է կազմակերպության ղեկավարների տարածած համատեղ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներս, հանդես ենք գալիս միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի անխախտ պահպանման օգտին եւ հաստատում ենք մոտ ապագայում միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցման, միջուկային զինաթափման, ինչպես նաեւ միջազգային հսկողության տակ համընդհանուր եւ ամբողջական զինաթափման համաձայնագրի հարցում արդյունավետ բանակցություններ վարելու մեր բարի կամքը եւ համագործակցելու ենք խաղաղ նպատակներով իրավահավասար եւ փոխշահավետ միջազգային համագործակցության ոլորտում։ Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետություններս, ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերած համաձայնագիրը եւ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման խնդրի լուծումը»,- ասված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։