Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն անձամբ կորոշի բողոքարկել դատարանի դատավճիռը, թե ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Նրա խոսքով՝ նախաքննությունը, դատավարությունը, դատավարության ընթացքը և դատավճիռն ապացուցեցին, որ Հայկ Կյուրեղյանը անմեղ է:
«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել՝ դատավճիռը կբոքոքարկվի, թե ոչ, Հայկն ինքը պետք է որոշի: Հայկին 9 տարի դատապարտելն ընդհանրապես տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց այս երկրի տրամաբանության մեջ տեղավորվում է: Իշխանությունն այնքան է թուլացել, որ իրենց համար ուժի ցուցադրույթունը դարձել է գլխավոր նպատակ, և Հայկին 9-ը տարի դատապարտելով, ցանկացան ցույց տալ, որ իրենք ուժեղ են»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համարՀայկ Կյուրղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան:





























