Ազգային ժողովում անհրաժեշտ է ստեղծել մեկ ուժի մեծամասնություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով սահմանադրության նախագիծը:

Նրա խոսքով, հակառակ դեպքում խորհրդարանական ուժերին կարող է կայունացնել միայն նախագահը, այդ թվում անձնական հեղինակությամբ: Այդ դեպքում հնարավոր կլինի կառավարություն ձեւավորել, որն անգամ կայուն մեծամասնության բացակայության դեպքում կարող է միասնական ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնել: Նման օրինակներ կան, այ թվում Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ:

«Բայց կան նաեւ հակառակ օրինակները, որոնցից ամենավառը Վեյմերյան հանրապետությունն է: Այնտեղ նույնպես Ռեյխստագում չկար մեծամասնություն, իսկ նախագահը կարող էր ինչպես օգնել, այնպես էլ՝ խանգարել: Եվ հաճախ, հատկապես վերջին տարիներին, նա խանգարում էր: Մտահոգվելով ազդեցության կորստով, նա փոխում էր կառավարությունները, որոնք համեմատաբար մեծ աջակցություն ունեին խորհրդարանում:

Ճակատագրական տարիներին նախագահ Գինդենբուրգը կանցլեր նշանակեց Հիտլերին, թեեւ վերջինիս կուսակցությունը մեծամասնություն չուներ: Սա, իհարկե, ընդամենն, օրինակ է, բայց այն ցույց է տալիս, թե որքան քիչ բան է թողնվում անձերի ցանկությանը, եւ որքան շատ բան է թողնվում կոլեգիալ որոշումներին, այնքան հուսալի է ժողովրդավարությունը»,-ասել է Պողոսյանը: