Լոռու մարզի Կուրթան գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի հորը, որը ձերբակալվել էր սեպտեմբերի 13-ին, մեղադրանք է առաջադրվել:
NEWS.am-ը Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ Խ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Պարզվել է, որ Խ. Գեւորգյանն իրավապահ մարմիններին է ներկայացել ինքնակամ եւ հայտնել, որ համագյուղացի Սեյրան Գեւորգյանի կողմից օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս.Գեւորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել:
Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է, այժմ բնակվում է Վանաձոր քաղաքում: Այնուամենայնիվ, կրքերն այս գյուղում չեն հանդարտվում: Օրեր առաջ էլ հրդեհել էին մեղադրյալի ընտանիքի տունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:





























