Լոռու մարզի Կուրթան գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի հորը, որը ձերբակալվել էր սեպտեմբերի 13-ին, ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին ասաց Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը՝ նշելով, որ ձերբակալման 72 ժամը վաղուց էր լրացել: Նշենք, որ սպանված Վարդան Գեւորգյանի հայրը ձերբակալվել է, քանի որ կոտրել է որդու սպանության մեջ մեղադրվողի տան պատուհանները, նրան նաեւ կասկածում են սպանության մեջ մեղադրվողի տունը հրդեհելու մեջ:
«Սպանվածի հայրը իր բերանով ասում է, որ ինքը միայն ապակիներն է կոտրել, տունը հրդեհելու հետ կապ չունի, հարեւաններն էլ տեսել են: Իսկ թե ով է հրդեհել տունը՝ չենք կարող ասել, գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հենց տանտերն է իր տունը հրդեհել, չգիտեմ՝ որքանով է ճիշտ»,-ասաց նա:
Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է, այժմ բնակվում է Վանաձոր քաղաքում: Այնուամենայնիվ, կրքերն այս գյուղում չեն հանդարտվում: Օրեր առաջ էլ հրդեհել էին մեղադրյալի ընտանիքի տունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:





























