Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 15-ին, «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ որպես վկա դատարան կանչված Գայանե Աղաջանյանը զրպարտում է իրեն՝ ասելով, որ իր հետ հարաբերությունների մեջ է եղել եւ «Մագնում» հյուրանոցում բազմաթիվ անգամներ հանդիպել է:
Իսրայել Սարգսյանի խոսքով՝ ինքը Գայանե Աղաջանյանի հետ ծանոթացել է խաղատներից մեկում նրան աշխատանքի տեղավորելու նպատակով, եւ միայն գործնական հարաբերությունների մեջ է եղել նրա հետ:
«Ես նրա հետ հարաբերությունների մեջ չեմ եղել, նա իմ ընկերոջ ընկերուհին է եղել, իսկ տղամարդկանց կոդեքսի մեջ գրված է, որ չի կարելի ընկերոջ ընկերուհու հետ հանդիպել: Մի քիչ պորյադոչնի պահի քեզ ու մի զրպարտի, չի կարելի»,-ասաց Իսրայել Սարգսյանը:
Մինչդեռ վկա Գայանե Աղաջանյանը դատարանում պնդեց, որ Իսրայել Սարգսյանի հետ տարբեր հյուրանոցներում պարբերաբար հանդիպել է:
«Իսոյի հետ խնջուքներից մեկում ենք ծանոթացել, պետք է ինձ խաղատներից մեկում մատուցողուհու աշխատանք գտներ, այնուհետեւ սկսեցինք հանդիպել, հարաբերությունների մեջ ենք եղել նրա հետ: Բայց կոնկրետ չեմ հիշում, «Մագնում» հյուրանոցում ենք հանդիպել, թե ոչ, տարբեր հյուրանոցներում ենք եղել»,-ասաց Գայանե Աղաջանյանը:
Այսօր ցուցմունք տվեց գործով եւս ութ վկա, որոնցից շատերը չէին ճանաչում ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Իսրայել Սարգսյանի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ Տիգրան Ասատրյանի մասով դեռ նախաքննություն է ընթանում, կալանավորում խափանման միջոցը փոխվել էր ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:





























